Ատամների վերականգնումը ժամանակակից ստոմատոլոգիայի ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս շտկել, վերականգնել վնասված ատամների անատոմիական ձևը, կառուցվածքը, ատամի էմալի գույնը, վերացնել ատամնաշարի և բնածին, և ձեռքբերովի թերությունները:
Էսթետիկ ստոմատոլոգիան, նախևառաջ, ատամների գեղարվեստական վերականգնումն է, որից հետո պացիենտը ստանում է գեղեցիկ ժպիտ առանց պրոթեզավորման:
Էսթետիկ ստոմատոլոգիայում առանձնացվում են միմյանց հետ կապված երեք հասկացություն` ատամների վերականգնում, կոնստրուկցիա և տրանսֆորմացիա: Էսթետիկ ստոմատոլոգիայում բազմաթիվ մեթոդներ կան, որոնք հնարավորություն են տալիս պացիենտի ժպիտը դարձնել ճաճանչափայլ:
ժամանակակից լուսապոլիմերային նյութերի օգնությամբ կարելի է կատարյալ դարձնել ցանկացած ձև, ինչպես նաև, ընտրել ատամի հյուսվածքին համապատասխան կատարյալ գույն: Գեղարվեստական վերականգնումը ատամի պրոթեզավորման լավ, երբեմն լավագույն այլընտրանքային մեթոդն է:
Ատամի վերականգնումը, ըստ էության, նույն պլոմբավորումն է, ինչ և սովորական կարիեսի բուժման դեպքում: Ատամը սկզբից համապատասխան մշակման է ենթարկվում, իսկ հետո արդեն գեղարվեստական աշխատանքի հերթն է գալիս: Այստեղ արդեն ստոմատոլոգը քանդակագործի դերում է, նա պետք է ոչ միայն վերականգնի ատամի գործառույթը, այլև գեղեցկությունը, շերտ առ շերտ հավաքելով տարբեր երանգների կոմպոզիտային նյութը: