Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ատամների սպիտակեցում

Ատամների սպիտակեցումԳեղեցիկ, սպիտակ ատամներ: Դժվար թե գտնվի մեկը, որ չցանկանա հայելու մեջ տեսնել իր գեղեցիկ ժպիտի, սպիտակ, առողջ ատամների արտացոլումը: 
Եթե ցավում է ատամը, դուր չի գալիս ձևը, հնացած ատամնաշապիկը կամ պլոմբը, ապա մարդը գիտի, որ պետք է գնա ատամնաբույժի մոտ և փոխի, շտկի, բուժի: 

Արդյունքը կանխատեսելի է, եթե, իհարկե նա հավատացած է, որ իր բժիշկը բարձրորակ մասնագետ է: 

Իսկ ատամների սպիտակեցումը այնպիսի բուժգործողություն է, որը բազմաթիվ կասկածների և զգուշավորությունների տեղիք է տալիս: Դրանց մի մասը ճիշտ են, բայց ամբողջությամբ վերցված, իրականությանը չեն համապատասխանում:
Փորձենք պարզել, թե այստեղ որն է հեքիաթ, որը` իրողություն: 

Սպիտակեցումը բուժգործողություն է, որի ժամանակ ատամն ավելի բաց գույն է դառնում: Իսկ ատամի գույնը փոխվելու պատճառները շատ են: Ներկայացնենք մի քանի հիմնական գործոններ, որոնց պատճառով ատամը փոխում է գույնը: 

Սկսենք ժառանգականությունից: Յուրաքանչյուր մարդ իր բնական ատամների գույնն ունի և այն միշտ չէ, որ սպիտակ է լինում: Ատամի գույնը պայմանավորված է էմալի և դրա տակ գտնվող դենտինի կառուցվածքից: Որքան շատ են էմալի կառուցվածքում խանգարումները, այնքան ատամի գույնը մուգ է, քանի որ պիգմենտային նյութերի կուտակման հնարավորությունը բարձր է: 
Պիգմենտի քանակն ատամի չվնասված հյուսվածքում յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է, այդ պատճառով էլ տարբեր են ատամների գույները: 

Երկրորդ տեղում մթերքի օգտագործումն է, որը մեծ քանակությամբ պիգմենտային նյութեր է պարունակում (սուրճ, թեյ, կարմիր գինի, կոկա-կոլա և նման մյուս ըմպելիքները, որոնց մեջ քիմիական ներկանյութեր կան և այլն), ծխելը (նիկոտինային խեժը շատ ուժեղ պիգմենտային ներկանյութ է): Ատամի էմալը բնականից սպիտակ է և ամեն ինչ կախված է պիգմենտից, որը կուտակվել է ատամի հյուսվածքում: Այդ պիգմենտային նյութերը կարող են մեծապես փոխել վնասված էմալով ատամի գույնը: Եթե ատամի հյուսվածքի կառուցվածքը խանգարված չէ, ապա այդ պիգմենտները կարող են կուտակվել ատամնափառի մեջ և բերանի խոռոչի անբավարար հիգիենայի դեպքում ատամները տեսողականորեն փոխում են իրենց գույնը: