Երեխայի ատամների մասին ծնողները պետք է հոգ տանեն դեռ մինչև նրա ծնվելը: Հղիության առաջին փուլում մայրն անպայման պետք է բուժի իր ատամները, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունները, քանի որ դրանց պատճառով նվազում է իմունիտետը, որն, իր հերթին, վատ է անդրադառնում երեխայի ատամների ձևավորման վրա:
Ռացիոնալ, հավասարակշռված սնունդը կօգնի կնոջ օրգանիզմին ապահովել իրեն ու փոքրիկին բոլոր անհրաժեշտ հանքային նյութերով, վիտամիններով:
Մանկական ստոմատոլոգիան ներառում է.
- կաթնատամների և մշտական ատամների կարիեսի բուժում,
- կաթնատամների և մշտական ատամնային ուղիների բորբոքման բուժում,
- լնդերի և լորձաթաղանթի բուժում,
- կծվածքի շտկում,
- ատամների վնասվածքների հետևանքների բուժում,
- ատամների կոսմետիկական վերականգնում:
Կաթնատամներն անհրաժեշտ խնամք են պահանջում և պահանջվող բուժման ժամանակին կատարում: Երեխաների մոտ ատամների հիվանդության կանխարգելումը շատ կարևոր է և անհրաժեշտ: Չի կարելի «մխիթարվել», թե, միևնույնն է, կաթնատամներից հետո մշտական ատամներ են լինելու, և դրանց հանդեպ արդեն հիմնովին ուշադիր կլինեք: Անհրաժեշտ է փոքրիկին կանոնավոր կերպով տանել ատամնաբույժի մոտ պրոֆեսիոնալ զննման, որովհետև կաթնատամները հիմնական ատամների հիմքն են:
ժամանակին չբուժված կաթնատամները կարող են լուրջ վտանգ սպառնալ մշտական ատամների առողջությանը: Նախևառաջ այն պատճառով, որ ատամը, որը ձևավորվում է հիվանդ կաթնատամի տակ, արդեն կարող է վնասված ծկլթել կամ էլ ընդհանրապես իր տեղում չլինել:
Եթե կաթնատամն անժամանակ հեռացվի, ապա մնացած ատամները կսկսեն ճնշել դատարկ տեղի վրա ու աստիճանաբար դեպի այդ տեղը շարժվել: Եվ սխալ կծվածք ձևավորվելու վտանգ կզարգանա, իսկ այդ խնդիրը կարգավորելն արդեն երկարատև է ու թանկարժեք: