Սպիտակեցումը, այսպես կոչված, կապպայի օգնությամբ (պլաստիկե կոնստրուկցիա, որը պատրաստվում է անհատական, ատամնաշարի դրոշմաթասակի օգնությամբ) կարելի է կատարել և ստոմատոլոգիական կլինիկայում, և տանը, բժիշկ-ստոմատոլոգի հսկողությամբ:
Կապպայի մեջ լցվում է սպիտակեցնող գելը, որը փաթեթավորված է չափաքանակով ներարկիչի մեջ: Կապպան` գելով, հագցվում է ատամնաշարի վրա: Տևողությունը կախված է գելի խտությունից. 30 րոպեից մինչև մի քանի ժամ: Սպիտակեցման ստանդարտ սխեման է` 7-10 օր, 6-8 ժամ. (սովորաբար կապպան ատամնաշարին հագցնում են գիշերը): Կան նաև սպիտակեցման արագացված տարբերակներ (3-5 օր):
Տնային առաջադրանք
Կան նաև ստանդարտ կապպաներ, որոնք պացիենտն ինքն է լցնում սպիտակեցնող նյութով: Պարզապես ստանդարտ կապպան այնքան էլ քիփ չի նստում ատամանշարի վրա, սպիտակեցնող նյութը կարող է դուրս հոսել, գրգռելով բերանի խոռոչի լորձաթաղանթը: Այդ պատճառով էլ լավագույն տարբերակը այն հավաքածուն է, որի մեջ մտնում են ճկուն կապպաները, որոնք կարող են հարմարեցվել անհատական ատամնաշարին:
Կան նաև առանց կապպան օգտագործելու սպիտակեցման մեթոդներ: Օրինակ, նուրբ, ճկուն շերտերը, որոնց վրա գել է տարածված տնային պայմաններում ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման համար, կամ էլ այնպիսի համալիրներ, որոնց մեջ են մտնում սպիտակեցնող մածուկն ու խոզանակը: