Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Էնդոդոնտիա

ԷնդօդոնտիաԷնդոդոնտիան արմատախողովակների բուժումն է, որի հիմնական նպատակներից մեկն ատամի պահպանումն է: Ինչպես ասում են, ատամնային պրոթեզ դնել միշտ էլ կարելի է, բայց սեփական ատամը պետք է ձգտել պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ դա գոնե փոքր-ինչ հնարավոր է: 

Էնդոդոնտիկ բուժման ընթացքում  նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը` վիրահատական միկրոսկոպը, ուլտրաձայնը, նիկելտիտանե գործիքները, ապեքս-լոկատորը և այլն, ստոմատոլոգին առավել շատ հնարավորություններ են տալիս պահպանել ատամը և հասնել դրական արդյունքների այնպիսի կլինիկական իրավիճակներում, երբ այն մի քանի տարի առաջ անհնարին էր:  

Նման բուժման անհրաժեշտությունն առաջանում է կարիեսի բարդության զարգացման (պուլպիտ, պերիօդոնտիտ), ատամների վնասվածքի ժամանակ, երբեմն էլ պրոթեզավորման նախապատրաստման փուլում: Էնդօդոնտիան ցուցված է նաև կրկնակի բուժման համար, երբ նախկինում ատամի խողովակները վատ են բուժվել: 

Պրակտիկ էնդոդոնտիայի նպատակն է կանխարգելել զարգացումը կամ վերացնել արդեն առկա հարատամնային հյուսվածքի բորբոքային օջախները, որոնք հանդիսանում են ատամի կորստի հաճախակի պատճառներից մեկը: Այդ նպատակին հասնել հնարավոր է ատամի արմատի խողովակների հակամանրէային մշակումով և հերմետիկ փակումով, որը զուգակցվում է ատամնապսակի հերմետիկ վերականգնումով: Պրակտիկ էնդօդոնտիա կատարելու համար անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում կատարել և բուժման հստակ պլան մշակել:  

Ախտորոշումը, ինչպես հայտնի է, ներառում է` հիվանդության և կենսակերպի անամնեզի հավաքում, ճշտելով ալերգաբանական վիճակը, ներքին օրգան-համակարգերի ֆունկցիոնալ վիճակը, հիվանդի դիմածնոտային հատվածի օբյեկտիվ հետազոտությունը` ասիմետրիայի, այտուցի, խուղակի հայտնաբերման համար, ավշային հանգույցների, քունք-ստործնոտային հոդի պալպացիան: Բերանի խոռոչի հետազոտությունը ուղղված է բերանի խոռոչի  հիգիենայի, լորձաթաղանթի, պարօդոնտի հյուսվածքի վիճակը, խուղակների, բորբոքման առկայությունը պարզելուն: Կլինիկա-լաբորատոր հետազոտությունների տվյալներն ամփոփելով, կատարվում է հիվանդության ախտորոշում և բուժման պլան է մշակվում: