Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ատամնապսակներ

Վնասված, թույլ կամ թերություններ ունեցող ատամների  վերականգնման համար լավագույն մեթոդներից մեկն է ատամնապսակի տեղադրումը:  Շատ դեպքերում պրոթեզավորման տվյալ տեսակը հնարավորություն է տալիս խուսափել մեծ և տգեղ պլոմբներից, ինչպես նաև ատամի էմալի հետագա  քայքայումից: 
Տվյալ մեթոդն  աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ, երկարատևությամբ և պրոթեզի դիմացկունությամբ, որոնք ատամի համար հիանալի պաշտպանություն են ապահովում: 

Ի՞նչ է ատամնապսակը

Ատամնապսակն անշարժ ատամնապրոթեզն է, որը պատրաստվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում ծնոտի դրոշմաթասակի օգնությամբ, իսկ հետո ամրացվում է: Այդպիսով փոխարինվում է  ատամի պսակային կամ տեսանելի հատվածը այն դեպքում, երբ այն խիստ վնասված է, լուրջ էսթետիկական թերություն ունի կամ չկա:  
Ատամնապսակը պետք է նաև, որպեսզի հենարանային ատամներին, որոնք կարող են լիովին առողջ լինել, ամրացվի կամրջաձև կամ բյուգելային պրոթեզը: <Պսակադրել> կարելի է ոչ միայն վնասված բնական ատամը, այլև, ատամի բացակայության դեպքում, ատամնային իմպլանտատը:  

Ատամնապսակները կիրառվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է.

-    վերականգնել ատամի անատոմիական ձևը, որը վնասվել է այս կամ այն
պատճառով (կարիես, մեխանիկական վնասվածք և այլն).
-    վերականգնել ատամի կարևոր գործառույթները.
-    լավացնել ատամի էսթետիկ տեսքը: 

Ատամնապսակի տեղադրման փուլերը

Ատամնապսակը տեղադրվում է մի քանի փուլով: Առաջին այցի ժամանակ ստոմատոլոգը  մանրամասն զննում է բերանի խոռոչը, նշում բուժման, վերականգնման ենթակա ատամները, ռենտգեն հետազոտություն կատարում, իսկ հետո  սկսում է դրանք նախապատրաստել պրոթեզավորմանը: Եթե հարկ կա բուժելու, ատամը բուժվում է, հետո նոր տաշվում է անհրաժեշտ չափերով: Այնուհետև դրոշմաթասակն է հանվում և ուղարկվում է ատամնատեխնիկական լաբորատորիա: 
Հաջորդ փուլին փորձնական տեղադրվում է ատամնապսակը և նշվում են թերությունները, եթե այդպիսիք կան, և վերացվում են դրանք:  
Այս ամենից հետո նոր ատամնապսակը հիմնովին ամրացվում է:

Ատամնապսակների տեսակները 

Օրթոպեդիայում ատամնապսակների տարբեր տեսակներ կան: Ատամնապսակների տեսակներն  առանձնացվում են տարբեր սկզբունքներով: 
Պացիենտներին առավել մատչելի լինելու համար ատամնապսակների տեսակները տարբերակվում են ըստ դրանց պատրաստման նյութերի: 
Ատամնապսակները լինում են մետաղե, մետաղակերամիկական և կերամիկական:  Այս կամ այն տեսակի ատամնապսակ ընտրելիս հաշվի են առնվում կլինիկական ցուցումները, պացիենտի ցանկությունը և, իհարկե, վճարունակությունը: